ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

Ընտանիքում բռնությունը մարդու հիմնարար իրավունքների լրջագույն խախտում է, որի հետևանքով տուժում են հիմնականում կանայք և երեխաները, ինչպես նաև տղամարդիկ և տարեցները։ Հայաստանում կանանց և տղամարդկանց դերերի անհավասարությունը, արմատացած կարծրատիպերը և «ուրիշների գործերին չխառնվելու» մոտեցումն էլ ավելի են խորացնում ընտանիքում բռնության խնդիրը։ Դրանք մի կողմից ընտանիքում բռնությունից տուժածներին հետ են պահում օգնություն փնտրելուց, մյուս կողմից լռեցնում են ականատեսներին՝ թույլ չտալով միջամտել։ Ընտանեկան բռնությունը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբանական ծանր հետևանքների, անգամ մահվան։ Այն կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ կնոջ, երեխաների և ընտանիքի, անգամ ողջ հասարակության և պետության զարգացման վրա։

Ընտանիքում բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև։ Ընտանիքում բռնության տեսակներն են՝
  • ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

    Ֆիզիկական բռնություն է համարվում՝


    - Ծեծն ու բռնի այլ գործողությունները

    - Առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը

    - Ազատությունից ապօրինի զրկելը

    - Դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը

  • ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

    Սեռական բռնությունն անձի նկատմամբ սեռական բնույթի կամայական անցանկալի գործողություն իրականացնելն է կամ երրորդ անձի հետ սեռական բնույթի անցանկալի գործողությունների մասնակցել պարտադրելը։ Այդպիսի գործողության օրինակներ են՝ 

    - Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

    - Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

    - Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ

    - Անառակաբարո գործողությունները

    - Եվ այլն

  • ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

    Հոգեբանական բռնությունը վերաբերում է այն գործողություններին, որոնք վնասում են անձի հոգեբանական անձեռնմխելիությանը։ Այդպիսի գործողություններ են՝

    • Անձի կամ նրա հարազատի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքը (հետապնդում, զենքի ցուցադրում), ինչը անձի մոտ վախ է առաջացնում
    • Նվաստացուցիչ ու վիրավորական արտահայտությունները
    • Մեկուսացումը և հաղորդակցման սահմանափակումը
    • Երեխաների միջոցով կնոջը կառավարելը կամ վնասելը (երեխաներին վնաս պատճառել, առևանգել և այլն)
    • Եվ այլն
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

    Տնտեսական բռնությունը ռեսուրսների՝ ներառյալ ժամանակի, գումարի, տրանսպորտի, սննդի և հագուստի հասանելիության սահմանափակումը կամ կառավարումն է։ Տնտեսական բռնության օրինակներ են՝ 

    • Կնոջն արգելելը աշխատել
    • Թույլ չտալը մասնակցել ընտանիքի ֆինանսական որոշումների կայացմանը
    • Գումար կամ ֆինանսներին վերաբերող տեղեկատվություն թաքցնելը
    • Կնոջ և/կամ նրա երեխաների խնամքի ապահովման գումարը վճարելուց հրաժարվելը
    • Համատեղ գույքը ոչնչացնելը 
    • Եվ այլն
Կանանց նկատմամբ բռնություն

Հետապնդումը, սեռական ոտնձգությունները, սեռական բռնությունը (ներառյալ բռնաբարությունը), զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը, ստիպողական ամուսնությունը և ստիպողական ստերջացումը բռնության տեսակներ են, որոնք երկարատև ծանր հետևանքներ են թողնում։ Զոհերի ճնշող մեծամասնությունը կանայք են։ Բռնության այս տեսակները համադրելով իգական սեռական օրգանների խեղման և հղիության ստիպողական դադարեցման հետ (բռնության տեսակներ, որոնց ենթարկվում են միայն կանայք)՝ պարզ է դառնում, թե որքան բազմազան են կանանց և աղջիկների նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ գործողությունները։ Այս ամենին գումարելով այն փաստը, որ դեպքերի մեծամասնությունում բռնարարը տղամարդն է, գալիս ենք այն գիտակցմանը, որ կանանց նկատմամբ բռնությունը, ներառյալ ընտանիքում բռնությունը, ուղղված է տղամարդկանց ազդեցության ու վերահսկողության պահպանմանը։

Պետությունը պարտավոր է ուշադրություն դարձնել կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության բոլոր ձևերին և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու բռնությունը, պաշտպանելու զոհին և պատժելու բռնարարին։ Այս պարտավորությունները չիրականացնելու պատասխանատվությունը կրում է հենց պետությունը։ Կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարությունն անհնար է, քանի դեռ կանանց նկատմամբ սեռով պայմանավորված բռնության դեպքերը լայնամասշտաբ են։ Կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը աշխարհագրական ու մշակութային սահմաններ չճանաչող գլոբալ խնդիրներ են, որոնք հանգեցնում են ընտանիքների և ընդհանրապես հասարակության համար ֆիզիկական, հոգեբանական, ֆինանսական և սոցիալական ծանր հետևանքների։