Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը։ Բոլորն ունեն բռնությունից և վախից զերծ ապրելու իրավունք։ Կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը հանցագործություններ են։

Եթե Դուք ենթարկվել եք բռնության, Դուք իրավունք ունեք՝

  • ստանալ հարգալից և արժանապատիվ վերաբերմունք,
  • բռնության մասին հաղորդել ոստիկանություն և բողոք ներկայացնել,
  • Ձեզ և Ձեր երեխաների համար ստանալ պաշտպանություն,
  • տեղեկացվել դատական հետապնդման և դատական գործի ընթացքի մասին,
  • պահանջել դատական պաշտպանություն և հատուցում,
  • ստանալ աջակցություն և ապաստան,
  • Ձեր իրավունքների խախտման դեպքում դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Ընտանիքում բռնության վերաբերյալ ոստիկանության թեժ գիծ ստացված զանգից հետո իրավապահ մարմինները կարող են կիրառել հետևյալ միջոցները․

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Նախազգուշացումը կիրառվում է, երբ ընտանիքում բռնության դեպքը հայտնաբերվել է առաջին անգամ կամ չկա անհետաձգելի միջամտության կարիք: Այս որոշումը բռնարարին իրազեկում է, թե ինչ պատասխանատվություն է սահմանված բռնության շարունակման կամ կրկնման դեպքում: 
Այն կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում: Որոշման պատճենը բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն, հեռախոսակապի կամ փոստի միջոցով: Այն կարող է բողոքարկվել ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և կա դրա կրկնման սպառնալիք, ոստիկանությունը կարող է կայացնել անհետաձգելի միջամտության որոշում: Այն կիրառվում է նաև, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կրկին բռնի արարք է կատարել։ Այս որոշման գործողության առավելագույն ժամկետը 20 օր է: 
Անհետաձգելի միջամտության որոշումը բռնարարին կարող է․ 1) հարկադրել անհապաղ հեռանալ զոհի բնակության տարածքից և արգելել վերադարձը մինչև սահմանված ժամկետի լրանալը, 2) արգելել այցելել բռնության ենթարկվածին և նրա խնամքի տակ գտնվող անձանց` աշխատանքի, ուսման, բնակվելու կամ այլ վայրեր։

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ գտնվող անձանց պաշտպանելու և բռնության նոր դեպքերը կանխարգելելու նպատակով: Այն կայացվում է մինչև 6 ամիս ժամկետով և կարող է անհրաժեշտության դեպքում 2 անգամ երկարաձգվել 3-ական ամսով։ 
Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները. 1) հարկադրել բռնարարին անհապաղ հեռանալ զոհի բնակության տարածքից և արգելել վերադարձը մինչև սահմանված ժամկետի լրանալը, 2) արգելել այցելել բռնության ենթարկվածին և նրա խնամքի տակ գտնվող անձանց` աշխատանքի, ուսման, բնակվելու կամ այլ վայրեր, 3) արգելել երեխաների հետ տեսակցությունները, 4) բռնարարին պարտավորեցնել անցնել ռեաբիլիտացիոն ծրագիր:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
  • «Թեժ գիծ» ծառայություն,
  • իրավունքների, հասանելի ծառայությունների և պաշտպանության միջոցների մասին տեղեկացում, ընտանիքում բռնության ենթարկվածներին անհրաժեշտ և անհատույց հոգեբանական և իրավաբանական օգնության և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրում,
  • անհատույց հոգեբանական և իրավաբանական օգնություն, անհրաժեշտ սոցիալական ծառայությունների մատուցում,
  • բռնության ականատես անչափահասներին երեխաների աջակցության կենտրոններ ուղղորդում,
  • զոհերին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանում տեղավորելու որոշում՝ նրանց համաձայնությամբ,
  • բռնության պատճառների ու պայմանների ուսումնասիրում, վիճակագրության վարում և արդյունքների ներկայացում Լիազոր մարմնին,
  • ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի կազմակերպում,
  • բռնության զոհերին աշխատանքի տեղավորման և սոցիալական աջակցություն ստանալու հարցերում աջակցում,
  • բռնության զոհի համաձայնությամբ դիմում ոստիկանությանը`  նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու կամ պաշտպանական որոշման համար դատարան դիմելու նպատակով։